ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կլուծվի Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Մասնավորապես Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ադրբեջանական զորքերը հնարավորինս արագ դուրս կբերվեն Հայաստանի տարածքից, և կլուծվի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարցը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները և մասնավորապես այս տարվա մարտին կողմերի միջև համաձայնեցված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որում շարադրված են կայուն խաղաղության ճանապարհի հետագա քայլերը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը վերջ դնելու նրանց բազմամյա հակամարտությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումն այդ դրական արդյունքի հասնելու գործում, որը հիմնված է նախորդ տարիների բանակցությունների վրա:

Կարևոր է, որ գործընթացը հնարավորինս շուտ շարունակվի նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար հաղորդակցությունների բացման քաղաքական պայմանավորվածությունը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի հիման վրա, ինչպես հայտարարվել է առաջնորդների համատեղ հռչակագրում, մեծ առաջընթաց է:

Մենք նշում ենք Հայաստանի մտադրությունը՝ համագործակցելու Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ Հարավային Հայաստանով երթուղու զարգացման և կառավարման հարցերում և ողջունում ենք ներդրումներ տրամադրելու ԱՄՆ մտադրությունը։

Այս առանցքային ենթակառուցվածքային նախագիծը կբացի Հարավային Կովկասի հսկայական ներուժը առևտրի և տնտեսական բարգավաճման հանգույցի վերածելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների:

Թուրքիայի կառուցողական մասնակցությունն անփոխարինելի կլինի այդ առաջընթացի ողջ ներուժը բացահայտելու համար։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը աջակցել այս դրական իրադարձություններին՝ փոխադարձաբար պատասխանելով Հայաստանի՝ հարաբերությունները կարգավորելու և հայ-թուրքական սահմանը բացելու պատրաստակամությանը։

Մենք նաև ողջունում ենք առաջնորդների միանշանակ հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անխախտելիության և տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին:

Ակնկալում ենք, որ դա մոտ ապագայում կհանգեցնի սահմանազատման գործընթացի հետագա առաջընթացի և Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական ուժերի ամբողջական դուրսբերման։

Մենք նաև կարևորում ենք Ադրբեջանում հայ գերիների և տեղահանված արցախահայության չլուծված հարցերի լուծման անհրաժեշտությունը:

ԵՄ-ն ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման աջակցությանը և պատրաստ է հետագայում ևս նպաստել կարգավորման գործընթացի առաջմղմանը: Այս գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև տնտեսական և պաշտպանական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի ջանքերի և նրա հայտարարած եվրոպական ձգտումների համատեքստում, որոնց Եվրոպական խորհրդարանը լիովին աջակցում է»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:

You may also like...