Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դիլանյանի ընտրության հարցը:

««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ներկայացված երեք թեկնածուների թվից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու»,- տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ներկայացնելով Լուսինե Աբգարյանի կենսագրական տվյալները, ասաց՝ թեկածուն ծնվել է 1971 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ունի բարձրագույն կրթություն՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտական ստաժը կազմում է 25 տարի 10 ամիս, որից դատավորի ստաժը՝ 10 տարի 8 ամիս, ներկայումս աշխատում է Վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր:

Թեկնածուն իր ելույթում ընդգծեց իրավունքի ոլորտում ունի շուրջ 26 տարվա անընդմեջ ստաժ, նշեց՝ որտեղ էլ որ աշխատել է, իր հիմնական արժեքներն են եղել օրինականությունը, մարդասիրությունը, անկողմնակալությունը, ինքնուրույնությունը:

«Խորապես համոզված եմ, որ օրինական, հիմնավոր և պատշաճ պատճառաբանված դատական ակտը միայն արդարության վերականգնում չէ, այլ նաև հանրային վստահություն ձևավորող կարևոր ազդակ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լավ է պատկերացնում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձնահատկությունը և կարևորությունը:

Անդրադառնալով հնարավոր մարտահրավերներին՝ բարձրացրեց քրեական արդարադատություն իրականացնող դատարանների գերծանրաբեռնվածության հարցը:

You may also like...