Եթե առաջիկայում ստորագրենք համաձայնագիրը, չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջական հաստատված է. Միրզոյան (տեսանյութ)
Հաստատվել է խաղաղություն, մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք, հոգատարություն է պահանջում, խաղաղությունը յուրաքանչյուր արտաբերվելիք բառի և շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից զգուշություն է պահանջում:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին և դրանց շուրջ առկա ամենատարբեր շահարկումներին:
«Ի վերջո չժխտենք, որ թշնամանքի, արյան երկար տարիների պատմություն կա 2 ժողովուրդների միջև: Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջական հաստատված է։
Շատ պարզունականացնելով մենք նկատի ունենք, որ առայժմ կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը զրոյի է ձգտում, բայց մնում են խնդիրներ, այդ թվում գերիների հարցը»,- ասաց Միրզոյանը:
