Բոլոր տեսակի խժդժություններին, իրար վիրավորելուն, այդ թվում՝ իմ կողմից դրսևորված, շատ վատ եմ վերաբերվում. ԱԺ նախագահ
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին առնչվող միջադեպի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչու է նա անպատասխան թողել Թովմասյանի նամակը:
«Դե, հիմա էլ մյուս պատգամավորը գրություն ուղարկի, հետո՝ մյուսը… ԱԺ նախագահին ներքաշել այդ խոսակցության մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Իմ դիրքորոշումը հետևյալն է. այստեղ ես գործողությունների հերթականություն չեմ տեսնում, այսինքն՝ չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Լուրջ չեմ համարում ԱԺ պատգամավորին որևիցե տեսակի ստուգման ենթարկելը, որովհետև, նախ, դրա իրավունքը օրենսդրությամբ չունեմ, երկրորդ՝ դա չեմ համարում ճիշտ աշխատելաոճ:
Ճիշտ աշխատելաոճ չեմ համարում նաև այն, ինչ տեղի ունեցավ: Ես բոլոր տեսակի խժդժություններին, իրար հանդեպ անհարգալից վերաբերմունքին, իրար վիրավորելուն, այդ թվում՝ իմ կողմից դրսևորված, շատ վատ եմ վերաբերվում և ինքս ինձ էլ հաճախ դատապարտում եմ, ասում եմ՝ Ալե՛ն, այդ բանը պետք է չանեիր, սխալ ես արել»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ գտնվում ես խորհրդարանում:
