Ղուկասյանը կրկին «Գյումրու օր»-ը հանեց նիստի օրակարգից. այն կկազմակերպի, կանցկացնի «Մեր ձևով»-ը՝ «Տաշիր»-ի հետ
Սեպտեմբերի 16-ին, երբ Գյումրու ավագանու նիստի օրակարգից քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկեց ու հանեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազակերպման և անցկացման հարցը, ասաց ցուրտ է, տրամադրությունն էլ էն չէ:
Սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգից Վարդան Ղուկասյանը կրկին հանեց նույն հարցը, ասաց՝ օգտվում է իր ունեցած իրավունքից:
«Ես հարցը հանում եմ, դուք էլ չեք քվեարկելու, ելույթներ կարող եք ունենալ»,- ասաց Ղուկասյանը:

Մինչ ավագանու այս արտահերթ նիստը, սակայն, տարբեր իրադարձություններ եղան:
Սեպտեմբերի 16-ին հարցի զեկուցում եղել է․ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն է այն ներկայացրել: Հարցի օրակարգից դուրս բերելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ կհրավիրի արտահերթ նիստ՝ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազմակերպման և անցկացման օրակարգով:
Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն տարածեց՝ առաջարկելով ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ օրակարգից հանված նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին: Ի դեպ, Վարդան Ղուկասյանն օրակարգից հանել էր նաև «Հայաստանի գույները» ջրաներկի փառատոնի և Համո Սահյանի երեկոն մեծ շուքով կազմակերպելու միջոցառման նախագծերը:
Բայց պարզվում է՝ ֆինանսական հաշվետվություն, այնուամենայնիվ, եղել է: Բոլոր դեպքերում դա պարզ է դառնում «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Սուսաննա Մոսոյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես ավագանու անդամը գրել էր. «Ավագանու նիստից առաջ քաղաքապետը հրավիրել է իր հետ հանդիպման հանձնաժողովի անդամներին (ՔՊ ավագանիները հանդիպմանը չմասնակցեցին) և առաջարկել է ամեն դեպքում անել «Գյումրու օր» միջոցառումը, ուղղակի գումարը նվազեցնել (14 մլն-ի փոխարեն 6մլն) և մնացած մասը ուղղել Ամանորի միջոցառումներին: Հանձնաժողովի ներկա բոլոր անդամները համաձայնվեցին»:

Սեպտեմբերի 21-ին ևս մեկ հայտարարություն արեց նաև «Մեր ձևով»-ը՝ տեղեկացնելով, թե «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:
«Նշելու ենք՝ Մեր ձևով»,- տեսաուղերձում հայտարարեց շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը: Վերջինս նաև ասաց՝ խոսել է Վարդան Ղուկասյանի հետ, որը մեծ ոգևորությամբ ընդունել է միտքը:
Այսօր Վարդան Ղուկասյանն ասաց՝ Մշակույթի բաժինը քիչ գումար էր ներկայացնում՝ 4 կամ 6 մլն, ավագանու անդամներ էլ կային, ասացին՝ գումարն ուղղենք այլ միջոցառումների իրականացմանը:
«Տրամադրությունն էլ տեսնելով՝ ես ասացի հարցը հանենք, հետո կքննարկենք»,- ասաց Ղուկասյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ճշտող հարցին՝ ում տրամադրության մասին է խոսքը, քանի որ գյումրեցին տխրելու առիթ չունի, Ղուկասյանն ասաց՝ ավագանու անդամների: Ավելին՝ որևէ խնդիր չի տեսնում, որ բարերարներն այդ միջոցառումը անցկացնեն:
«Քաղաքապետարանն է նշանակում օրը, մշակույթի բաժինն է կարգավորելու ամեն ինչը, ամեն րոպե էլ չի բարձրաձայնվելու՝ ով է կազմակերպել: Ըդպես տղա չկա երկրում, որ մեզ հետ ուրիշ ձևով ուզենա խոսա, բարիդրացիական հարաբերություններով ուզում են աջակցեն»,- ասաց Ղուկասյանը՝ արձագանքելով Մինասյանի դիտարկմանը, թե նախ որևէ մեկն իրավունք չունի այդ տոնը կազմակերպել ու անցկացնել քաղաքապետարանից բացի, նաև օրն ու ժամը որոշել:
«Քաղաքն ունի քաղաքային իշխանություն, ունի ավագանի, որոնք որոշումներ են կայացնում: Որևէ մեկը չի կարող օր ու ժամ որոշի, հայտնի: Մեր կարծիքը միանշանակ է․ Գյումրու հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացնի Գյումրու համայնքապետարանը՝ իր բաժիններով: Ձեր իրավունքն է, ուզում եք հարցը հանել՝ հանեք»,- ասաց Մինասյանը:

ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը նկատեց՝ ոմն անհատ հայտարարություն է անում համայնքապետարանի անունից և որոշում, թե երբ պետք է նշել Գյումրու օրը, ինչպես և որ ժամին:
«Սա նշանակում է, որ համայնքապետարանը տեղում չէ և չի կարող հասարակ միջոցառում կազմակերպել: Վերահաստատում ենք, որ «Գյումրու օր» տոնակատարությունը պետք է կայանա:
Ձեր իրավունքն է, կարող եք հարցը հանել, սակայն Գյումրու համայնքապետարանը պետք է այս միջոցառումը նախաձեռներ, ոչ թե թույլ տար, որ անհատները, ժամանակից առաջ ընկնելով, հայտարարություններ տարածեին, ինչը խոսում է համայնքապետարանի տեղում չլինելու մասին»,- ասաց Հարությունյանը:

Ղուկասյանն էլ նկատեց՝ քաղական տարրեր պետք չէ փնտրել իր որոշումներում ու քայլերում, ոչ էլ պետք է մտածել, թե քաղաքը ոչ մի բան չուներ, Սամվել Կարապետյանը եկավ հասավ, փրկեց․ փրկիչ էր:
«Հարցը հանում եմ, իմ իրավունքն է, ասեմ, որ 15 մլն-ի տեղն էլ մարդիկ կրկնակի, եռակի ավելի գումար են ծախսելու, ու ավելի լավ միջոցառում են անելու մարդիկ»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
