Տեղադրված են ոստիկանական հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար. Սարգսյան
Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է միջոցառումներ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ:
Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Մերձավանի կրակոցներին և սպանություններին:
«Տասնյակ անգամից ավել ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ-որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ ինչ–որ պարզաբանումներ անեն։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել, տասնյակից ավելի նման դեպքեր կան»,- ասաց նա։
Ոստիկանությունը ներկա պահին ևս ունի տեղադրված հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Ձեռնարկվում են մեծածավալ կանգարգելիչ միջոցառումներ, որոնցում ներգրավված են հարյուրավոր ոստիկաններ:
Ըստ Նարեկ Սարգսյանի, դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:
«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, Նարեկ Սարգսյանը նշեց՝ այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:
«Ցավոք, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Ոստիկանը այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններ է ունեցել Փարաքարի համայնքապետի հետ»,- ասաց ՆԳՆ խոսնակը:
