Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է․ ՆԳՆ հայտարարությունը
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է:
Ըստ հաղորդագրության՝ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է՝ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը՝ ստացել հրազենային վնասվածք:
Նշվում է, որ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:
Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:
