Նարեկ Օհանյանը կալանավորվել է, Մերձավանում համայնքապետին և ոստիկանին սպանողը՝ ձերբակալվել. մանրամասներ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

«Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարող անձին:

Շարունակելով ՆԳՆ աշխատակիցների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվել և բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած՝ խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին:

Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:

Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին,  որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է:

Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, որը խոստովանել է՝ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը՝ ստացել հրազենային վնասվածք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»:

You may also like...