ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավարությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, Ջրային կոմիտեի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:
Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչը ներկայացրել է հանդիպման նպատակները, զարգացման ծրագրերի առանձնահատկությունները, կարևորությունները: Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում նախատեսվում է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից տեխնիկական աջակցության տրամադրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Տեխնիկական աջակցության նպատակը նախարարության և ենթակա մարմինների աշխատակազմերի կարողությունների զարգացումն է, որպեսզի կարողանան մշակել ներդրումային ծրագրերի փաստաթղթեր, որոնք համապատասխանում են Հայաստանի նոր պետական ներդրումների կառավարման համակարգի ռազմավարական, տնտեսական, ֆինանսական և տեխնիկական պահանջներին։
Տեխնիկական աջակցությունը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլը նախատեսում է ՏԿԵՆ անձնակազմի վերապատրաստում, իսկ երկրորդ փուլում ուշադրություն կդարձվի նախապատրաստված ծրագրերի ցանկի ընդլայնման վրա, որոնք մշակված և համաձայնեցված կլինեն նախարարությանը տրամադրված խորհրդատվության հիման վրա, համաձայնեցնելով էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ: Ակնկալվում է, որ այդ խորհրդատվությունների մեծ մասը կվերաբերվի ընթացակարգերի նախագծմանը, փաստաթղթերի ձևանմուշների ստեղծմանը: Երկրորդփուլը կներառի նաև տարբեր դասընթացների անցկացում՝ օգտագործելով գործնական մոտեցումներ։
Հանրային ներդրումային ծրագրի ընթացակարգի պահանջների մասին առաջնային պատկերացում ունենալու համար, տեխնիկական աջակցությունը կօգնի նախարարությանը ստեղծել կոնկրետ ընտրված ծրագրերի համար լիովին մշակված գնահատման փաստաթղթեր, որոնք կապահովեն ՀՆԾ նպատակի և մեթոդաբանության պատշաճ կիրառումը, հաշվի կառնվի նախարարության ենթակայության տակ գտնվող յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները:
