Պատերազմը և ուղեկցող ապատեղեկատվությունը գործիքներ էին, որով պահանջում էին հանձնել իշխանությունը. Փաշինյան

«Ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը»:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում:

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունն է, որ փրկել է Հայաստանի պետականությունը:

«Պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց:

Մենք ասացինք՝ ո՛չ, ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փոխանցել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,- նշել է վարչապետն ու հավելել, որ 2021 ապրիլին հրաժարական է տվել, որի արդյունքում լուծարվել է կառավարությունը:

Վարչապետը հիշեցրել է, որ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում:

«Ոչ ոք չէր հավատում, որ ՔՊ կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն: Բայց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն ստացավ ժողովրդի մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն:

Սա տեղի ունեցավ մի պայմանում, որ ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում:

Կարող եմ ասել, որ ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ»,- ներկայացրել է վարչապետը:

You may also like...