9 ամսում ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 10 մլն 276 հազար դոլարին համարժեք գույք, 2 մանկապարտեզ և մարզադաշտ. դատախազ
Հայաստանի Հանրապետության կառավարության հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է 2025 թվականի օգոստոսի 5-ին Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվելու արդյունքում:
«Հայցապահանջով խնդրել էինք դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- նշել է Հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում միայն պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել է շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ:
Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս (գործարկման օրվանից սկսած) Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար:
