44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում կան և՛ մեղավորներ, և՛ դավաճաններ. Անդրանիկ Քոչարյան
Պատկերացրեք աշխատանքի ծավալը. 215 էջ է, բայց միայն եզրակացությունը շատ մեծ կտոր է ներկայացնում, բայց զեկույցն ունի գաղտնի, խիստ գաղտնի մաս:
Զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Իսկ թե քանի տոկոսն է կարելի հրապարակային ներկայացնել՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր համար առանձնացրել է: «Բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսին կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։
Տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից օր առաջ վերացնելու։ Նախկինների մեղքերի մասին չեմ խոսում, մենակ կասեմ «բանկաբութուլկեքն» այսօր փոխված են ամրոցներով։
Ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմարդյունաբերության վիճակն ինչպիսին է։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք. զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ»։
Պատասխանելով հարցին, թե զեկույցին արդյոք կհաջորդե՞ն իրավական գործեր, նա ասաց. «Ես քննիչ չեմ, սա իրավաքաղաքական փաստաթուղթ է»։
