Մհեր Գրիգորյանը եւ ԱՄՆ ՄԶԳ տնօրենի տեղակալը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիին: Հանդիպման ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել մասնավորապես բնակապահովման խնդրին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
