Միացյալ Նահանգներում պատրաստվում են թողարկել 1 դոլարանոց մետաղադրամներ՝ Թրամփի պատկերով
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով նոր կոլեկցիոն 1 դոլարանոց մետաղադրամներ թողարկելու հնարավորությունը: Fox Business հեռուստաալիքի տվյալներով՝ այդ քայլը նախատեսված է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակում:
Մեկնաբանելով լուրը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Օ՜, ես վստահ չեմ, թե նա [Թրամփը] տեսե՞լ է դա, բայց վստահ եմ, որ դա նրա սրտով կլինի»:
Հուշադրամների թողարկումը Միացյալ Նահանգներում վաղեմի ավանդույթ է: Պատմության մեջ ամենատարածված մետաղադրամը Ազատության արձանի պատկերով 1986 թվականին թողարկված մետաղադրամն էր, որը վաճառվել է գրեթե 15,5 միլիոն նմուշօրինակով: Հաջողություն են ունեցել նաև Ջորջ Վաշինգտոնի 250-ամյակին, 1984 թվականի Լոս Անջելեսում անցկացված ամառային օլիմպիական խաղերին և ԱՄՆ Սահմանադրության 200-ամյակին նվիրված հուշադրամների թողարկումները:
