Չենք հանդուրժելու կոռուպցիայի որևէ դրսևորում, որը կարող է խաթարել էկոպարեկային ծառայության գործունեությունը
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Տավուշի մարզում է:
Հագեցած աշխատանքային օրվա մեկնարկին ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային քննարկում են անցկացրել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի անձնակազմի հետ:

Ինչպես հայտնում են ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նշել է, որ նախաձեռնված հանդիպում-քննարկման շարժառիթը տեղամասի
աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալու, բնության հատուկ պահպանող տարածքների և անտառների պահպանության գործում Ծառայության կողմից որդեգրված աշխատելաոճը և մոտեցումը ևս մեկ անգամ ներկայացնելու ցանկությունն է:


«Մենք ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսանազմազանություն փոխանցելու կարևորագույն առաքելություն ունենք, պետք է բացառենք կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ապօրինություն, մենք չենք կարող հանդուրժել կոռուպցիայի որևէ դրսևորում, որը կարող է խաթարել Ծառայության պատշաճ գործունեությունը»,- նշել է Կիրակոսյանը:


Ամփոփելով խոսքը՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ պատրաստ է լսել յուրաքանչյուր աշխատակցի բարձրաձայնած խնդիրը, օգնել, սատարել, բայց միևնույն ժամանակ որևէ կերպ չի հանդուրժելու անպատասխանատու մոտեցումն աշխատանքին։
Հաջորդիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:
