ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լենինականի մանկավարժական ինստիտուտի շենքը
Կրթության, գիտության, արվեստի ու արհեստների հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիում (նախկին՝ Լենինական), կարևորելով բարձրագույն կրթության սեփական դարբնոց ունենալու անհրաժեշտությունը, 1934 թվականին ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ հիմնվում է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (ԼՄԻ):
Մանկավարժական ինստիտուտն իր երեք` լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և պատմական ֆակուլտետներով, բացվել է Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլի շքեղ շինություններից մեկում` նախկին Առևտրային ուսումնարանի շենքում, ուր 1919 թվականին սկիզբ է առել նաև հետագայում Երևան տեղափոխված Հայոց համալսարանի փառավոր տարեգրությունը:
Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ուներ շուրջ 16 դասախոս և 100 ուսանող (նրանց մեջ էր նաև ապագա մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազը):
Նախապատերազմական համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 5-6 տարում նորաստեղծ ուսումնական հաստատությունը կարողացավ ինքնահաստատվել ոչ միայն իր աշխատակիցների ու բուհի ղեկավարության (ռեկտորներ՝ Ս. Մովսիսյան-1935-37թ.թ., Մ. Մարգարյան-1937-47 և 1956-60թ.թ.) հետևողական ու նպատակամետ գործունեության շնորհիվ, այլև երևանյան գործընկեր համալսարանների ու ինստիտուտների լավագույն մասնագետների աջակցությամբ:
Այդ ժամանակահատվածում ԼՄԻ-ն տվեց 375 շրջանավարտներ, որոնք համալրեցին Լենինականի և Հայաստանի հյուսիսային շրջանների մանկավարժների շարքերը՝ լծվելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր գործին:
Լենինականի մանկավարժականը, գիտակցելով իր պարտքը Հայրենիքի նկատմամբ, չէր կարող անմասն մնալ Մեծ Հայրենականից: Շատ դասախոսներ և ուսանողներ մեկնեցին ռազմաճակատ: Մասնակիցներից շուրջ 70-ը զոհվեցին, մի մասն էլ վերադարձավ հաղթողի փառքով՝ արժանացած մարտական շքանշանների ու մեդալների:
1949-51թ.թ. ԼՄԻ-ում սովորող 1719 ուսանողներից 131-ը մասնակցել էին Մեծ Հայրենականին: Քանի որ նույնիսկ պատերազմի տարիներին ինտիտուտը չդադարեցրեց իր գործունեությունը, աջակցելով Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, վերոնշյալ ուսանողներից 391-ը պարգևատրվել են ՍՍՀՄ մեդալներով ու շքանշաններով:

Աշոտ Ամատունի
Իսկ Աշոտ Ամատունին արժանացավ Սովետական Միության հերոսի բարձր կոչման: Հետպատերազմյան առաջին տարիները նույնպես լուրջ փորձություն էին մանկավարժականի համար (ռեկտորներ՝ Շ. Ազնաուրյան-1947-53թ.թ., Հ. Գևորգյան-1953-56թ.թ.), որը նույնպես պատվով հաղթահարվեց ու վերականգնվեց բուհի բնականոն գործունեությունը: 1949-ին Կառավարության հատուկ որոշմամբ ԼՄԻ-ն կոչվեց հայ մեծ լուսավորիչ Միքայել Նալբանդյանի անունով:
Բուհի նոր վերելքին, գիտամանակավարժական բուռն գործունեությանն իրենց դասախոսական աշխատանքով մասնակցել են հայրենի գիտության ու արվեստի նշանավոր շատ երախտավորներ:
Այդ ամենի շնորհիվ համալրվում է ԼՄԻ ՊԴ և ուսանողական կազմը, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընդլայնվում նյութատեխնիկական բազան: 50-ականների առաջին կեսին բուհում սովորում էին ավելի քան 400 ուսանողներ: Սակայն այդ վերելքը մասամբ դանդաղում է՝ պայմանավորված 1960 թվականին ԼՄԻ-ի կարգավիճակային փոփոխմամբ, այն դարձավ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: Դրա արդյունքում կրճատվում է ընդունելությունը, ՊԴ կազմը, միավորվում են որոշ ամբիոններ: ԼՄԻ ուսումնամեթոդական, գիտական ու մշակութային գործունեության, նրա վարկանիշի ու հեղինակության հետագա աճի համար առավել բարենպաստ ժամանակահատված սկսվեց 1966-ից (ռեկտոր՝ Կ. Հովսեփյան-1960-94թ.թ.), երբ վերականգնվեց բուհի ինքնուրույն կարգավիճակը:

ԼԻՄ-ի շենքը
1984-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով՝ որակյալ մասնագետների պատրաստման և մանկավարժության բնագավառում գիտական հետազոտությունների զարգացման գործում ունեցած վաստակի համար:
Ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ մասնավորապես Լենինականի մանկավարժականի համար լուրջ մարտահրավեր էր 1988-ի աղետալի երկրաշարժը, դրա պատճառած մարդկային կորուստների ու նյութատեխնիկական բազայի կործանման արդյունքում ստեղծված իրավիճակի հաղթահարումը, բնականոն կյանքի ու գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

ԼՄԻ-ի նախկին շենքը հիմա
Ի պատիվ նալբանդյանցիների պետք է ասել, որ նրանք, դրսևորելով միասնական ու համախբված մոտեցում, ջանքերի գերլարում և նվիրվածություն, կարողացան պատվով դուրս գալ նաև այս փորձությունից:
Հետաղետյան բավականին երկար ժամանակահատվածից սկսած մինչև համալսարանի կարգավիճակ ստանալու տարիները ներառյալ (ռեկտորներ՝ Կ. Հովսեփյան-1960-94թ.թ., Ս. Սարգսյան-1994-97թ.թ., Հ. Հարությունյան-1997-2002թ.թ., Վ. Գրիգորյան-2002-2016թ.թ., Ս. Մինասյան-2016-18թ.թ.)՝ Շիրակի մայր բուհում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել թե ուսումնամեթոդական, գիտահետազոտական և մարզամշակութային ոլորտների վերականգնման, արդիականցման, և թե համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստման և անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծման ու համալրման ուղղությամբ: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2016թ. հունիսի 21-ի N18 որոշմամբ ԳՊՄԻ-ին շնորվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:
ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031 –Ն որոշմամբ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի, որն էլ պետական գրանցում է ստացել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին:

Երվանդ Սերոբյան ռեկտոր
Հոգաբարձուների խորհուրդը, 2022 թվականի փետրվարի 19-ի նիստում, առաջնորդվելով ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում, որը հաստատվեց ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N 314-Ա որոշումով։
Իր իննսունամյակի շեմին մոտեցող Շիրակի պետական համալսարանը Լենինականի, հետագայում նաև Գյումրու պետական մանկավարժականի լիիրավ իրավահաջորդը և լավագույն ավանդույթների կրողն ու ստեղծագործաբար շարունակողն է:
Գիտակցելով նորանկախ Հայրենիքի հանդեպ իրենց պարտքն ու պատասխանատվությունը, դաստիարակվելով իրենց հայրերի ու պապերի հերոսական օրինակով՝ խիզախությամբ ու նվիրվածությամբ առանձնացան նաև ՇՊՀ-ի ուսանողներն, աշխատակիցներն ու շրջանավարտները 2020-ի քառասունչորսօրյա գոյամարտի ժամանակ:

Նրանցից 31-ը տուն չվերադարձան, դառնալով հավերժի ճամփորդներ՝ իրենց անձնազոհությամբ, մինչև արյան վերջին կաթիլը պայքարելով նենգ ոսոխի դեմ: Այսօր էլ նրանք շարունակում են ապրել իրենց լուռ ներկայությամբ ՇՊՀ-ի Հիշատակի անկյունում:
Այսօր Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ռեկտոր՝ Ե. Սերոբյան) երեք ֆակուլտետներում (հումանիտար գիտությունների , բնագիտամաթեմատիկական, հասարակական գիտությունների) առկա և հեռակա համակարգերի բակալավրի 34 կրթական ծրագրով սովորում են շուրջ 1900 ուսանողներ, մագիստրատուրայի 21 կրթական ծրագրերով՝ 450, իսկ հետազոտողի կրթական ծրագրի 7 ոլորտներում՝ 14 ուսումնառող:

ՇՊՀ-ի նիստերի դալիճը
ՇՊՀ մասնագիտական 11 ամբիոնների աշխատանքներում ներգրավված են՝ 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, շուրջ 20 գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ, 200 գիտությունների թեկնածուներ և դոցենտներ:
ՀՀ-ում 2005 թվականից սկսված բուհական կրթության բարեփոխումների, միջազգայնացման գորընթացներում ՇՊՀ-ի ակտիվ ներգրավման արդյունքում ներդրվեց կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը, բուհն ընդլայնեց միջազգային համագործակցության ոլորտներն ու գործընկերների շրջանակը՝ պայմանագրեր կնքելով շուրջ 30 եվրոպական, 20 ԱՊՀ և 40 հայաստանյան բուհերի ու այլ կազմակերպությունների հետ:
Հիմնվեցին նոր կառուցվածքային ստորաբաժումներ, ուսումնական լաբորատորիաներ ու կրթական ծրագրեր, արդիականացվեցին ու համակարգչային տեխնիկայով կահավորվեցին մի շարք մասնագիտական լսարաններ:
Համալսարանն ունի իր օրհներգը, զինանշանը և ոսկյա հուշամեդալը, որը շնորհվում է Գիտական խորհրդի որոշմամբ։ Այս ամենի շնորհիվ ՇՊՀ-ն այսօր դարձել է Շիրակի մարզի ուսումնագիտական և մարզամշակութային մի ուրույն կենտրոն:

