Բացասական եզրակացություն է տրվել «Պատիվ ունեմ»-ի հայտարարության նախագծին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 6-ի հերթական նիստում:

Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ:

Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ՝ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշել է, որ ժամանակավրեպ է թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին:

Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները՝ ներկայացնելով իրենց դիտարկումները:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին և ելույթներին: Նա կոչ է արել դեմ քվեարկել հայտարարության նախագծին:

Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը ևս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին:

Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն:

You may also like...