Հանցավոր կազմակերպությունները գրավիչ պայմաններով աշխատակիցներ են ներգրավում զանգերի կենտրոնում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ստացե՞լ եք գրավիչ պայմաններով աշխատանքի առաջարկ օտարազգի հաճախորդների համար նախատեսված սպասարկման զանգերի կենտրոնում:
Մի շտապեք միանալ այդ կազմակերպությանը, հնարավոր է` Ձեզ հավաքագրելու են հանցավոր խմբի կազմում համակարգչային հափշտակություններ կատարելու նպատակով, որում ունենալու եք հստակ դերակատարություն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Հանցավոր կազմակերպությունները նոր աշխատակիցներին ներգրավելուց հետո վերջիններիցս պահանջում են՝
  • գաղտնի պահել գրասենյակի հստակ գտնվելու վայրը,
  • գաղտնի պահել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության բնույթը,
  • աշխատանքի վայրում հեռահար ձևաչափով հաճախորդների հետ շփվելիս ներկայանալ գործատուի կողմից տրված կեղծանուններով,
  • միջնորդավորված կարգով հավելավճարների դիմաց ներգրավել նոր աշխատակիցների
  • իրավապահ մարմինների անակնկալ այցերի դեպքում հետևել նախապես տրված հրահանգներին (օր.՝ անջատել համակարգիչը, ոչնչացնել թղթային տարբերակով արված ցանկացած նշումներ, չհամագործակցել իրավապահ մարմինների հետ՝ խոստանալով իրավաբանական աջակցություն խուսափելու քրեական պատասխանատվությունից),
  • աշխատանքից ազատվելու դեպքում գաղտնի պահել կազմակերպության իրական գործունեությունը (հիշյալ պահանջը կարող է ուղեկցվել տարբեր բնույթի սպառնալիքներով)։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մշտապես իրականացվում են համապատասխան գործողություններ ՀՀ տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ, որն ունենալու է շարունակական բնույթ:
Այդպիսի աշխատանքի առաջարկ ստանալու կամ զանգերի կենտրոնների վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում կարող եք կապվել մեզ հետ. գաղտնիությունը երաշխավորված է.
Նմանատիպ հանցավոր գործունեության մեջ մասնագիտակցված զանգերի կենտրոններում աշխատելը կարող է ունենալ քրեաիրավական հետևանք»,- ասված է հաղորդագրությունում։

You may also like...