Պուտինը Դուշանբեի Ազգային պալատում է՝ Ռահմոնի հետ բանակցությունների. նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեի Ազգային պալատ է ժամանել՝ իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման համար։

Պուտինը պալատի գլխավոր մուտքի դիմացի հրապարակ է ժամանել «Աուրուս»-ով։ Ռահմոնը նրան ջերմորեն է դիմավորել։

Այնուհետև նրանք բարձրացել են ամբիոն և լսել պատվո պահակախմբի հրամանատարի զեկույցը, ինչպես նաև Ռուսաստանի և Տաջիկստանի օրհներգերը:

Նախագահները ողջունել են Տաջիկստանի պետական դրոշը, որը ծածանվում է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողից (165 մետր բարձրություն), և զննել պատվո պահակախմբի ելույթը: Պուտինը դիմել է զինծառայողներին «Սալոմ» բացականչությամբ (ողջույնի ձև Տաջիկստանի տարբերակով):

Այս ամենին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ավանդական ներկայացումը։ ՌԴ նախագահին Տաջիկստան ուղեկցել է ավելի քան 20 հոգուց բաղկացած մեծ պատվիրակություն։ Նրանց թվում են փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Մարատ Խուսնուլինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Ռուսաստանի ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը և շատ ուրիշներ։

Արարողության ավարտին Պուտինը և Ռահմոնը բարձրացել են Ազգային պալատի մեծ աստիճաններով և կենտրոնական հարթակից դիտել պատվո պահակախմբի հանդիսավոր երթը, հետո համատեղ լուսանկարվել։

Սկզբում բանակցությունները տեղի են ունեցել դեմ առ դեմ, ապա պետությունների ղեկավարներին միացել են իրենց պատվիրակությունները։

Կենտրոնական թեման երկկողմ հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերն են եղել: Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել 15 համատեղ փաստաթուղթ առևտրի, միգրացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև համատեղ հայտարարություն՝ ռազմավարական գործընկերության և դաշինքի խորացման վերաբերյալ։

Ազգային պալատը Տաջիկստանի նախագահի հիմնական աշխատանքային նստավայրն է։ Այն գտնվում է Դուշանբեի կենտրոնում՝ Ռուդակի այգու, Արտաքին գործերի նախարարության և կառավարական շենքերի կողքին: Այս վայրում նախկինում տեղակայված էին Ռուսաստանի 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումները:

Համալիրը զբաղեցնում է 9 հեկտար տարածք և կառուցվել է 2002-2008 թվականներին, իսկ ներքին հարդարման և կանաչապատման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի սկզբին։

Ռուսաստանի նախագահը Տաջիկստանում է պաշտոնական այցով, որը կտևի մինչև հոկտեմբերի 10-ը:

Նա կմասնակցի Կենտրոնական Ասիա-Ռուսաստան երկրորդ գագաթնաժողովին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

You may also like...