Մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը
«Իմ քայլը» հիմնադրամը հայտնում է, որ մեկնարկել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» 4-րդ փուլը։
Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամության կարգ ձեռք բերած, ՀՀ մարզերում բնակվող մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ վերականգնելով աշխատելու մոտիվացիան և բացահայտելով մասնագիտական ներուժը։
Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսական ինտեգրումը սոցիալական ներգրավման ամենաարդյունավետ ուղիներից է, քանի որ այն միաժամանակ ամրապնդում է մարդու ֆինանսական կայունությունը, ինքնաբավությունը և ընդհանուր բարօրությունը։

«Հիմնադրամի թիմը հոկտեմբերի 6-9-ը շրջել է ընտրված չորս մարզերում, ծանոթացել մասնակիցների հետ, բացահայտել նրանց կարիքները և, իհարկե, կազմակերպել ծրագրի իրազեկման հանդիպումներ։ Այս փուլերում արձանագրվել է մեծ հետաքրքրություն․
Տավուշի մարզ, ք. Իջևան — 9 մասնակցից 8-ը
Գեղարքունիքի մարզ, Գավառ — 45 մասնակցից 43-ը,
Արագածոտնի մարզ, Աշտարակ — 16 մասնակցից 14-ը,
Սյունիքի մարզ, Գորիս — 39 մասնակցից 20-ը ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին:


Ընդհանուր առմամբ ծրագրի այս փուլին արդեն մասնակցել է 106 պոտենցիալ շահառու, որոնցից 85-ը անմիջապես հայտնել են մասնագիտական կողմնորոշման ճամբարին մասնակցելու ցանկություն։ Մնացած մասնակիցներին տրվել է ժամանակ՝ հոկտեմբերի 13-ը վերջնական որոշում կայացնելու համար։

Մասնագիտական կողմնորոշման ճամբարը նախատեսվում է իրականացնել Ջերմուկում երկու փուլով նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 11-ը։ Ճամբարի ընթացքում մասնակիցների հետ աշխատելու են հոգեբաններ, կարիերայի խորհրդատուներ և ոլորտային փորձագետներ։
Ճամբարի ավարտին յուրաքանչյուր շահառուի համար կկազմվի անհատական զարգացման պլան, որի միջոցով շահառուները կհասկանան իրենց հետաքրքրության ոլորտները, զարգացման հնարավոր ուղիներն ու անհրաժեշտ հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
