Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ՀԲ-ի և ԱՄՀ-ի տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը:

Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները, արդի մարտահրավերները, ինչպես նաև օրենսդիր մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների համագործակցության հեռանկարները:

Տարեկան այս համաժողովը ծառայում է որպես բացառիկ հարթակ՝ տարբեր երկրների խորհրդարանականների համար, որպեսզի վերջիններս խորացնեն իրենց ներգրավվածությունը միջազգային զարգացման գործընթացներում, կիսվեն ազգային փորձով և համատեղ զարգացնեն արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ գլոբալ, տարածաշրջանային և տեղական մակարդակներում:

Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարևորել է միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»:

ԱԺ նախագահի տեղակալը հաջողություն է մաղթել ԱՄՀ և ՀԲ խորհրդարանական ցանցի նորընտիր ղեկավար մարմնին և շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանքի համար:

You may also like...