Նախկինում ՀՀ-ում դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ անցկացրել բանտում. Փաշինյան (տեսանյութ)
by Arman Baghdasaryan · 16.10.2025
Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա: Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են: Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են:
Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության մի մասն է:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել, ապա հավելեց.
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է: Ո՛չ: Չի փլուզվել: Էլ չեմ ասում՝ նախկինում Հայաստանում դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»:
Այս համատեքստում Փաշինյանը լրագրող աշխատած տարիներից նաև հիշեց մի դեպք, երբ եպիսկոպոսը քրեական օրենսգրքով կալանավորվել է:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Երևանում գործընթացներ են սկսվում եկեղեցու դեմ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն՝ Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված հայտարարություններ է անում, Փաշինյանն արձագանքեց. «Չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին»:
Մեկ այլ դիտարկմանը, թե վարչապետի քննադատությունները՝ ուղղված կաթողիկոսին և մյուս հոգևորականներին, համընկնում են իրավապահների գործողությունների հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և որոնց մասին հայտարարվում է, որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից: Ես դա պարզապես բացառում եմ:
Երկրորդը՝ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի և դրանց մանրամասների վերաբերյալ, քան ես ինքս, որովհետև, էլի եմ ասում, դուք ասում եք՝ ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, բայց ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ: Էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել:
ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված շրջանակներում: Եթե նույնիսկ հրահանգ տրվի, ո՞վ է կրում այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ո՞վ է վերցնելու: Չկա նման բան պարզապես»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը:
