TRIPP-ի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության, մարդկանց միջև շփումների համար. Աբիսողոմոնյան
Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը:
«Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուգանդայի կառավարությանը՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպումը Կամպալայում կազմակերպելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Ուգանդայի Հանրապետության նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի առաջնորդությունը՝ որպես Չմիավորման շարժման նախագահ, միջազգային օրակարգում Շարժման դերի ամրապնդման գործում։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ուգանդային՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դիտորդ երկիր հրավիրելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենում Չմիավորման շարժման պաշտոնական հանդիպմանը: Մենք գնահատում ենք մեթոդաբանության վերաբերյալ Կարտախենայի փաստաթղթով ամրագրված Շարժման սկզբունքների և ընթացակարգերի պահպանումը, ինչպես նաև Ուգանդայի ջանքերը՝ ուղղված Շարժման շրջանակներում ներառականության և տարբեր տեսակետների բարձրաձայնման հարցում հարգանքի ապահովմանը:
Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների։ Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը՝ համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար: Մենք պետք է վճռական լինենք՝ մերժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի՝ որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ:
Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին:
Եզրափակելով թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Չմիավորման շարժման և դրա անդամ պետությունների հետ մեր համընդհանուր նպատակների՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի, ուժի չկիրառման և միջազգային համագործակցության առաջմղման ուղղությամբ»,- հայտարարել է ԱԳ փոխնախարարը:
