Գյումրիի երեկվա դեպքերը ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի ընդունում ժողովրդի քվեն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ մեծամասնությունը մերժում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրված գնահատականները, որոնք, «Պատիվ ունեմ», խմբակցությունը հայտարարության նախագծում ներկայացրել էր, և ակնհայտ է մեկ բան ևս, որ դրանում տրված գնահատականները ոչ միայն լիարժեք արտացոլում են այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը, այլ ամեն օր ապացուցվում է հակաժողովրդավար, հակաիրավական, հակաքաղաքական, իսկ առանձին դեպքում նաև քաղաքականության տեսակետից անբարոյական վարքագիծը, որ ցուցաբերվում է մեր երկրի քաղաքացիների, քաղաքական ուժերի, մեր երկրի, մեր երկրի ինքնիշխանության ուղղությամբ՝ այսօր Հայաստանում իշխանություն ունեցող մեծամասնության կողմից։
Նա նշել է, որ Գյումրիի երեկվա դեպքերը ցույց են տալիս մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը և, ըստ նրա, փորձ է անում նախ տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, այնուհետև հարձակում՝ բոլոր հնարավոր մեթոդներով և գործիքակազմով։
«Որևէ մեկն իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, պատգամավորները, իրար հերթ չտալով անընդհատ մեխում են և հաստատում հանցագործության առկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաև այս մարդկանց հակաօրինական, սահմանադրությանը չտիրապետելու, ժողովրդավարության և իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարքագծի մասին»,-հավելել է նա։
