Հովհաննավանք են ժամանել հարյուրավոր քաղաքացիներ տարբեր մարզերից. տեղում են նախարարներ, պատգամավորներ
Մի քանի հարյուր մարդ է հավաքվել Օհանավան համայնքում՝ Հովհաննավանքի եկեղեցու մոտ, մասնակցելու կիրակնօրյա Սուրբ պատարագին, որն ավելի վաղ խոստացել է մատուցել Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը:
Քաղաքացիները ոչ միայն Արագածոտնի տարբեր համայնքների բնակիչներ են, այլև ՀՀ տարբեր մարզերից են ժամանել:
Տեղում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, պատգամավորներ, նախարարներ, մի շարք մարզերի մարզպետներ ու փոխմարզպետներ:
Տեղում կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնք կենտրոնական հատվածն ազատել են քաղաքացիական մեքենաներից:
Եկեղեցու ներսում Տեր Արամ քահանա Ասատրյանը հագել է վեղարն ու պատրաստություններ է սկսել՝ պատարագի մատուցման համար: Տեղում կան մի շարք այլ քահանաներ, որոնցից մի քանիսը, լրագրողների հարցերին ի պատասխան, հաստատել են, որ պատարագը իսկապես մատուցելու է կարգալույծ հռչակված Տեր Արամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ժամանել Հովհաննավանք:
Հիշեցնենք՝ նա ավելի վաղ հայտարարել է, որ Հովհաննավանքում մասնակցելու է կիրակնօրյա պատարագին։
