Եկեղեցին հարուստ կառույց է հողերի, սեփականությունների մասով. շուրջ 600-700 անուն անշարժ գույք ունի. Թովմասյան
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին բավականին հարուստ է սեփականությունների առումով:
«Բավականին հարուստ է, եթե չեմ սխալվում, 600-700 անուն անշարժ գույք կա»,- մանրամասնել է նա:
Հարցին՝ օրինակ՝ Հովհաննավանքի սեփականությունը ում է պատկանում՝ եկեղեցո՞ւն, թե՞ պետությանը, Թովմասյանը պատասխանել է՝ չի հիշում՝ ինչ իրավունքով է փոխանցված եկեղեցուն:
«Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ ճշտել և ասել»,- հավելել է պաշտոնյան:
Թովմասյանը նաև նշել է, որ ըստ օրենսդրության՝ առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան այնպիսի գույքեր, որոնց համար վճարվում է գույքահարկ։
«Խորհրդային միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես ՀՀ-ն։ Դրանից հետո համապատասխան օրենքներով տրվել են իրավունքներ, այդ թվում՝ մեզ բոլորիս, որոնք ստացել են գյուղատնտեսական, տնամերձ հողամասեր։
Այո՛, ՀՀ-ում գտնվող հողերը եղել են պետության սեփականությունը, և ՀՀ կառավարությունն է որոշել, թե հողերի բաշխումն ինչպես պետք է տեղի ունենա»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ նախկինում այդ բոլոր եկեղեցապատկան հողերը եղել են պետության սեփականությունը:
