Փոփոխություններ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում
Իրականացվում են փոփոխություններ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը։Ըստ այդմ՝
- ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։
- Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։
- շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։
- միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1 (ներկայումս սահմանված 2-ի փոխարեն), եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
- 2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից իրացվել է 1210-ը։
