Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, թե ապահովելու է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր. Սիմոնյան
Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել առաջարկությանը, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, որ ընդդիմությունը դրոշակ է սարքել արցախցիների վերադարձի հարցը։
«Ուզում եմ հասկանալ՝ իրենք պատրա՞ստ են ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, լո՞ւրջ եք ասում»,- հարց է ուղղել Սիմոնյանը:
Նա հավելել է, որ վերադարձի հարցով ընդդիմադիրները մեծ-մեծ խոսում են միայն։
«Կա՞ մարդ, որ հիմա կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր, մեծ-մեծ խոսելով չէ, կենացներ ասելով չէ, բնական է, որ ինչ-որ ժամանակ անց, երբ հարաբերությունները կնորմալանան, ինչ-որ մարդիկ կգնան ու կապրեն իրենց տներում, եթե այդ հնարավորությունը լինի։
Ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ են ձեռք առնում, այսինքն՝ այսօր Ղարաբաղի բնակիչներ կա՞ն, որ ուզում են գնան, ու ՀՀ իշխանությունն ասում է չէ, դեմ ենք»,- ասել է Սիմոնյանն ու նշել Գազայի օրինակը:
Ըստ Սիմոնյանի՝ Գազան լավ օրինակ է, որ չնայած միջազգային հանրության հավաքական ջանքերին՝ Գազայում ցեղասպանություն է։
«Մենք կարող էինք դառնալ երկրորդ Գազան․ կդնեին մեր տարածքը Գազայի կվերածեին»,- ընդգծել է նա։
