Լատվիայի խորհրդարանը հաստատել է Ստամբուլի կոնվենցիայից երկրի դուրս գալու որոշումը
Լատվիայի Սեյմը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, դուրս գալու մասին օրինագիծը։
Քննարկումը տևել է 12 ժամ։ 56 պատգամավոր քվեարկել է օրինագծի օգտին, 32-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը տասն օրվա ընթացքում պետք է ստորագրի օրինագիծը կամ այն վերադարձնի Սեյմ՝ վերանայման։
Ստամբուլի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնությունը դասակարգում է որպես մարդու իրավունքների խախտում։ Փաստաթուղթը վավերացրել են 38 եվրոպական երկրներ, ինչպես նաև Վրաստանը։ Լատվիայում կոնվենցիայի քննադատները կարծում են, որ այն հակասում է ավանդական ընտանեկան արժեքներին։
Օրինակ՝ ոմանք քննադատում են փաստաթուղթը «գենդեր» հասկացության սահմանման համար։ Եվրոպայի ծայրահեղ պահպանողական խմբերն ու քաղաքական կուսակցությունները պնդում են, որ այն խթանում է «գենդերային գաղափարախոսությունը», խրախուսում է սեռական փորձարկումներն ու վնասում է երեխաներին։
Եթե նախագահը ստորագրի օրինագիծը, Լատվիան կդառնա Ստամբուլի կոնվենցիայից դուրս եկող ԵՄ առաջին երկիրը։ Ավելի վաղ դա արել էր Թուրքիան։ Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լիտվան, Սլովակիան և Հայաստանը ստորագրել են փաստաթուղթը, բայց չեն վավերացրել։
