Պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որեւէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության եւ իրավազորության որեւէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել:  Եվրոպական խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային եւ այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքով եւ մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանները` Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչեւ Սեւ ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու, եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է եւ այս անունը նույնքան կարեւոր եւ ընդունելի է մեզ համար: Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետեւ խաղաղության խաչմերուկը ենթադրում է, այդ թվում՝ խողովակաշարերի եւ էլեկտրագծերի անցում:

Նման լուծումները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:

Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:

Նման բան թույլ տալ չի կարելի: Ինչպես տեսաք, վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել եւ համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եւ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Ընդ որում, տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Եվ վերջապես, պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց:

Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական:

Մենք պատրաստ ենք նաեւ բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ:

Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն:

Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով: Եվ հենց այս հարցում պիտի հայցեմ ձեր բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ, ինչպես արդեն ասացի, պայմանավորվածության ենք եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ»,- ասված է վարչապետի ելույթում։

You may also like...