Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը ԼՂ-ում. Մեցոլա
Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը, միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանը և հաշտեցմանը: Հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է հասնել Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը՝ հիմքում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին այս իրավիճակը հաղթահարելու գործում: Ես և վարչապետը խոսել ենք այս մասին: Մեր աջակցությունն ենք առաջարկում Լեռնային Ղարաբաղից եկող փախստականների հոսքի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում, անդամ պետություններից շատերը նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սնունդ և դեղորայք են տրամադրում Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:
Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիրը՝ մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու բանակցություններին: Մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու երկխոսությանը բոլոր կողմերի միջև Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, Եվրամիության հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, որպեսզի տևական խաղաղություն ապահովվի հանուն տարածաշրջանի բոլոր մարդկանց:
Հարգելի վարչապետ, հարգելի Նիկոլ, ևս մի քանի խոսք. 2018 թվականի մայիսից առաջնորդել եք Ձեր երկիրը, և ես բարձր եմ գնահատում ժողովրդավարամետ ուղիով ընթանալը Ձեր կողմից: Աջակցում եմ Ձեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, մեր երկկողմ հարաբերությունների սերտացմանը և ավելի սերտ համագործակցությանը Եվրոպական միության հետ: Այս պալատը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդին այս ծանր ժամանակներում»,- նշել է նա:
