Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ավարտվել է իր՝ որպես տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Նա նշել է, որ պայմանագիրը երկարաձգվել է ևս 2 տարով:
«Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։
Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ.
- Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան`
- Առաջինի լրատվական ալիքը
- Առաջին ալիք Ամերիկան
- Նոր ալիքը
- Առաջին ալիքում հաղորդումների քանակը կրկնապատկվեց՝ նույն բյուջեով, իսկ վարկանիշը զգալիորեն բարձրացավ։
- Գործարկվեց 1TV Armenia հավելվածը, որով Հանրայինի ալիքների հեռարձակումը հասանելի է աշխարհի ցանկացած կետից։
- 2022-ին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ պատմության մեջ ամենամասշտաբայինն ու դիտարժանը։
- Ստեղծվեց «Ֆեստիվառ» մարզային երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որն արդեն անցկացվել է 9 մարզում՝ 160,000-ից ավելի մասնակիցներով։
- 2021-ին հիմնադրվեց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն ունի ավելի քան 250 շրջանավարտ, նրանցից 56-ը այսօր աշխատում են Հանրայինում։
- Վերջին հինգ տարում վերանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է շուրջ 12,000 քմ տարածք։
- Ձեռք է բերվել շուրջ 2 մլրդ դրամի տեխնիկա։
- Շարունակվում է Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքի կառուցումը, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի՝ Հանրայինի 70-ամյակին։
Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։
Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Մովսիսյանը:
