ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման օրը՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարտուղարության Ծրագրերի համակարգման տնօրինության ղեկավար Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Պատվիրակության կազմում էին նաև ԵԽ քարտուղարության ժողովրդավարական կառավարման և հակախտրականության տնօրինության ղեկավար Կլաուդիա Լուչիանին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմաբովանդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով ժողովրդավարական կառավարման մշակույթ ձևավորելու, համայնքների ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը ամրապնդելու գործում Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ Հայաստանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը, տեղական ինքնակառավարման զարգացմանը և սոցիալ-տնտեսական կայունությանը, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
