Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Նիկոլ Փաշինյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթական գործընթացին և ստեղծված պայմաններին:

Նշվել է, որ Ավետիսյան մասնավոր կրթահամալիրն իր մեջ ներառում է մանկապարտեզ և դպրոց, որն ապահովում է 12-ամյա համակողմանի և անվճար կրթություն՝ պետական կրթական ծրագրով, ինչպես նաև հավելյալ կրթական դասընթացների հնարավորությամբ, ինչպիսիք են՝ արհեստական բանականության ուսուցումը և այլ արդի ուղղություններով դասընթացներ: Դպրոցում ուսանում է շուրջ 900 աշակերտ։

Դպրոցը գործում է 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց, էներգախնայող և բնապահպանական համալիրում, որն արժանացել է LEED (Leadership in Energy and Environmental Design) միջազգային հավաստագրի։
Համալիրը հագեցած է արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերի համակարգով, կանաչ տանիքներով։ Դպրոցում գործում է նաև ժամանակակից ջերմատուն, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ուսանելու խելացի գյուղատնտեսություն։

Միաժամանակ տեղեկացվել է, որ առաջիկա տարիներին AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է նմանօրինակ կրթահամալիրներ կառուցել նաև Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

