Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն դրամի աջակցություն
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը:
Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ:
ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված Ասիայի մշակութային ժառանգության պահպանության քայլերին:
Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստակամ է զարգացնելու հայ-չինական համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանության ոլորտում:
Առանձնակի շեշտվել է միջազգային կազմակերպությունների դերը հակամարտությունների հետևանքով մշակութային ժառանգությանը հասցվող վնասի կանխարգելման գործում:
Նիստերի ընթացքում ընտրվել է խորհրդի գլխավոր քարտուղարը, կայացել են նաև խորհրդի կազմի ընտրությունները, որտեղ, ի թիվս այլ երկրների, Հայաստանի Հանրապետությունը վերընտրվել է:
Հայտարարվել են նաև Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հայտարարած դրամաշնորհի արդյունքները. Հայաստանի Հանրապետությունը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից.
Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում և պահպանում» ծրագրի իրականացման նպատակով:
Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
