Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիական ակադեմիական միջավայրում
Դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Փարիզի Sciences Po համալսարանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի (Centre de recherches internationales, CERI) տնօրեն Ստեֆանի Բալմի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ շեշտադրելով ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտական ծրագրերի և գիտական քննարկումների կազմակերպման կարևորությունը։
Ֆրանսիացի փորձագետները ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց հետազոտությունների շրջանակը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը զգալի հետաքրքրություն են առաջացնում ֆրանսիական ակադեմիական միջավայրում։
Դեսպան Խաչատրյանն իր հերթին կարևորել է գիտակրթական համագործակցության ընդլայնումը՝ որպես Հայաստանի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու և տարածաշրջանային ուսումնասիրություններն առավել խորացնելու կարևոր ուղի։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և առաջիկայում ուղենշել համագործակցության կոնկրետ ուղղություններն ու նախաձեռնությունները։
