ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ է մնացել 26 պատգամավոր:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորում պետության կողմից։

2026-ից նվազագույնը 200,000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատող քաղաքացիները իրենց աշխատավարձից ամսական 10,800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Դա պարտադիր է լինելու առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում։ Տարեկան գումարը՝ 129,600 դրամ կլինի։

Համակարգի մասնակից կդառնան այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են հարկերով՝ 200,000 դրամից բարձր աշխատավարձ, մաքուր մոտ՝ 147 հազար դրամ։
Ապահովագրությունից անվճար կօգտվեն մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները։
Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիներին։ Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:

Ապահովագրության շրջանակներում քաղաքացին գանգատների դեպքում պետք է դիմի նախևառաջ պոլիկլինիկա, որ ախտորոշում արվի։ Ապահովագրական ծառայություն կարող են մատուցել միայն այն բուժհաստատությունները, որոնք կստանան լիցենզիա նախարարության կողմից։

You may also like...