Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում:
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը քննարկող ուկրաինացի բանակցողները դեռևս համաձայնության չեն եկել տարածքային հարցի շուրջ:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «ամերիկյան առաջարկի տարրերը» պահանջում են հետագա քննարկում մի շարք «զգայուն հարցերի», այդ թվում՝ անվտանգության երաշխիքների և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի կարգավիճակի վերաբերյալ:
«Կան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլականներ, բայց մենք միասնական տեսակետ չունենք Դոնբասի վերաբերյալ», — Bloomberg News-ին ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև ընդգծել է. «Կան որոշ բաներ, որոնք մենք չենք կարող կառավարել առանց ամերիկացիների, կան բաներ, որոնք մենք չենք կարող կառավարել առանց Եվրոպայի, այդ պատճառով մենք պետք է կարևոր որոշումներ կայացնենք»:
Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ Եվրամիության երեք խոշոր տերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո Զելենսկին կմեկնի Բելգիա, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և կեզրափակի օրը ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմամբ։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Լոնդոնում կայացած հանդիպումը թույլ է տվել շարունակել համատեղ աշխատանքը ԱՄՆ խաղաղության ծրագրի և դրան նպաստելուն: Աշխատանքը գտնվում է իր վերջնական փուլում, և դեռ շատ բան կա անելու՝ Ուկրաինայի վերականգնման համար հուսալի անվտանգության երաշխիքներ և առաջարկներ մշակելու համար:
Ելիսեյան պալատը նշել է, որ բանակցությունների հիմնական նպատակներն են եղել Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելը և Ուկրաինայի վերականգնման պլանավորումը։
«Սա կարող է վճռորոշ պահ լինել մեզ բոլորիս համար, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք շարունակել մեր աջակցությունը Ուկրաինային: Այս երկրի ճակատագիրը Եվրոպայի ճակատագիրն է»,- հայտարարել է Մերցը։
Բրիտանական կառավարության աղբյուրը հայտնել է, որ առաջնորդները կքննարկեն սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը։ Ավելի վաղ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Շվեդիայի առաջնորդները ԵՄ-ին կոչ էին արել օգտագործել սառեցված ակտիվները՝ Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու համար:
