Տեղեկությունը, թե իշխանությունը փորձում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի, հորինվածք է
Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում «գեղեցիկ» փաթեթավորմամբ», և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։
Նշվում է, թե իբր իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ, նաև այն, որ գործընթացը օգտագործվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների դեմ։
Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այդ հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։
«Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի․ խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։
Հետևաբար ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն և աշխատողների իրավունքները պաշտպանելուն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
