Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է
Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից:
Այս մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը:
«Մոլդովան սկսել է Անկախ պետությունների համագործակցությանն իր անդամակցության հիմք հանդիսացող երեք հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։
Դրանց պաշտոնական չեղյալ հայտարարումից հետո մեր երկիրը իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ` չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը կասեցվել էր ավելի վաղ։
Այս փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին՝ վերջնական հաստատման համար», — ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ գործընթացը կավարտվի փետրվարի կեսերին։
«Դրանից հետո խորհրդարանը կկայացնի որոշում, որը կներկայացվի նախագահի հաստատմանը», — մանրամասնել է Պոպշոյը։
