Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ–Հայաստան 2026–2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և պաշտոնատար այլ անձինք:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Կոմիտեի հիմնական դիտարկումները վերաբերում են օրենսդրական, վարչական գործընթացներում, դատական վարույթներում երեխայի լավագույն շահերի ապահովմանը, ինչպես նաև այնպիսի ընթացակարգերի և չափորոշիչների մշակմանը, որոնք որպես ուղեցույց կծառայեն երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող համապատասխան բոլոր մասնագետների համար:

Նա նշել է, որ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումները» և հարակից փաթեթների ընդունումը համակարգային արձագանք է Կոմիտեի առանցքային առաջարկներին և միաժամանակ ստեղծում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի գործնական իրականացման հիմքը:
Տաթևիկ Ստեփանյանը նաև ընդգծել է, որ տվյալ փաստաթղթերը հնարավորություն են տալիս երեխայի լավագույն շահի սկզբունքը դարձնել գործնական և չափելի՝ սահմանելով հստակ ընթացակարգեր, չափորոշիչներ և մասնագիտական պատասխանատվություն բոլոր ոլորտներում որոշումներ կայացնելիս:
