Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը

Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, շատ հարուստ է օրակարգը։ Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ պաշտոնապես հաստատելու դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև և բացել սահմանը։

Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանը շարունակում է վերջնականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում․ դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում:

«Այստեղ հարցը արդեն ոչ թե «ինչ»-ն է, այլ «երբ»-ը։ Արդեն համաձայնել ենք «ինչ»-ի շուրջ, և իմ հույսն է, որ մենք գոնե սահմանի մասնակի բացում կտեսնենք առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետև մենք լիովին կբացենք սահմանը։ Ես վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է ԱԳ նախարարը:

You may also like...