Կառավարությունը կհատկացնի 3,1 մլրդ դրամ ՀՀ ոստիկանությանը՝ Պարեկային ծառայության մեքենաների ձեռքբերման համար
Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետբյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ կատարելու և Ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ. հունվարից նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման իրավական հիմքի ապահովումն ու ֆինանսավորումը: Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ հատկացնելով 3,107,5 մլն ՀՀ դրամ։ Գործընթացն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով:Ես հարկ եմ համարել, որպեսզի Ոստիկանության բարեփոխումների խորհրդում բոլոր այս հարցերը քննարկվեն: Բարձրախոսների հարցին երևի 40 րոպե տրամադրել ենք, թե ինչու ենք 6 բարձրախոսով մեքենա գնել: Ընդ որում, ինձ համար էլ էր կարևոր, կարծում եմ՝ բոլորիս համար էր կարևոր, որովհետև դրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան: Ես հիմա բոլոր մանրամասները չեմ կիսի ձեզ հետ, չնայած իրականում հետաքրքիր են, որովհետև ընթացակարգեր կան, որոնք առաջին հայացքից չեն երևում: Իմիջիայլոց, կարծում եմ՝ կարող ենք այդ քննարկումների արդյունքները նաև լուսաբանել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը;
Հաջորդ խնդիրն ուղեկցում է Պարեկային ոստիկանության հիմնադրմանը: Գիտեք, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով ավտոմեքենաների շուկայում մեծ հարցեր են առաջացել՝ շուկայում ավտոմեքենաների դեֆիցիտ կա: Մենք այս փուլում արձանագրել ենք և Ոստիկանության պետն ասաց, որ բացի այն, որ մրցույթ է հրավիրվել, նաև հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նրանց ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ: Ընդ որում, Ոստիկանության բարեփոխումների խորհրդում էլ քննարկել ենք նաև այդ հարցը, թե ինչու ենք մենք այս պարամետրի մեքենա ընտրում և ոչ թե մեկ ուրիշ, ընդհուպ քննարկել ենք, թե ինչու է մեր տեխնիկական առաջադրանքի մեջ գրած մեքենայի երկարությունն այսքան և ոչ թե 5 սմ դրանից պակաս, ավելի և այսպես շարունակ:
Արձանագրել ենք, որ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք, այսինքն՝ մյուս ընկերություններն արձանագրում են, որ ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ: Եթե նկատել եք, Շիրակի և Լոռու մարզերում Պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են, Երևանում՝ սպիտակ: Այդտեղ էլ խնդիր կա. ի սկզբանե որոշված էր, որ պետք է լինեն սպիտակ, բայց նախորդ փուլում մենք արձանագրեցինք, որ եթե շարունակենք պահել սպիտակի պայմանը, մեքենա չենք ունենա, որովհետև կրկին մեկ ընկերություն էր մեզ առաջարկում այդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սև գույնի մեքենա, եթե մենք սպիտակի պայմանը դնենք, ինքը չի կարողանա ներկրել: Մենք գնացինք այդ լուծմանը, այդ կոմպրոմիսին: Հիմա այս պարագայում ունենք խնդիր. մեքենա կարող է բերել կրկին մեկ ընկերություն՝ «Տոյոտա Երևան»-ը, բայց այս պարագայում էլ չի կարող բերել այն մեքենաներից, որոնք ձեռք ենք բերել Շիրակի և Լոռու մարզերի համար: Այդտեղ, անկեղծ ասած, դիսկոմֆորտ ունենք, որովհետև ստացվում է, որ մեքենաների տեսականին ավելի լայն է, սակայն ճիշտ կլիներ, որ 1-2 մոդել լինեին:
Բայց հիմա պարզվում է, որ 4 մարզերի համար ոչ միայն չենք կարող նախորդ մոդելներից բերել, ոչ միայն չենք կարող կրկին սպիտակ գույնի բերել, չնայած այս պարագայում կարծես հնարավոր էր, սակայն մեզ կարծես սևն ավելի է դուր եկել, բայց կա խնդիր: Կա մեկ մոդելի մեքենա, որը շատ թե քիչ մոտ է մեր պարամետրերին և այդ մեքենաներից ոչ բոլորը կարող են լինել ավտոմատ փոխանցման տուփով՝ մի մասը մեխանիկական փոխանցման տուփով կլինեն, մի մասը՝ ավտոմատ:
Մեր ընտրությունը հետևյալի մեջ է. կամ կանգնեցնում ենք Պարեկային ոստիկանության հետագա զարգացումը, մինչև կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կամ շարունակում ենք: Մեր քաղաքական որոշումն է, որ չենք կարող գործընթացը կանգնեցնել: Այս դեպքում արդեն, նաև ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում, որովհետև պոտենցիալ բոլոր մասնակիցներն արձանագրել են, ընդ որում՝ նաև պաշտոնապես է արձանագրվել, որ իրենք չեն կարողանալու այդ հարցը լուծել: Որպեսզի ժամանակ շահենք, իհարկե, այնտեղ փոքր կազմակերպական խորամանկություններ ունենք. 4 մարզերի համար այս մոդելի մեքենաներն ամենագնացներ են, մտածել ենք, որ, փորձենք այս մեքենաներից մեկ խմբաքանակ ավելի շուտ բերել, դրանք տրամադրել Շիրակի և Լոռու մարզերին, այնտեղից սեդաններ վերցնել, որովհետև արդյունավետության համար ճիշտ կլինի, որ 4 մարզերում թեկուզ քիչ քանակությամբ, բայց, այնուամենայնիվ, մայրուղիների վրա հերթապահության համար նաև սեդաններ ունենալ: Նաև սա է պատճառը, որ նորից մրցույթ չենք հայտարարում որովհետև կանխատեսելի է, թե ով է մրցույթում հաղթելու և ինչ պայմաններով: Այս ընթացակարգով ենք գնում՝ առաջին խմբաքանակը հնարավորինս շուտ բերելու և մեքենաների ներքին վերաբաշխումներն իրականացնելու համար:
Սա է պատմությունը: Կրկին ուզում եմ ընդգծել, որ հրապարակային ասված ամեն բառ Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստում իմ մասնակցությամբ քննարկվել է, բոլոր հարցերի պատասխանները տրվել են: Իհարկե, հույս ունեմ՝ հարցերը բարձրացրած անձինք իրենք կասեն, որ դրանք քննարկվել են և ինչ պատասխաններ են ստացվել, բայց եթե չասեն էլ, մենք կարող ենք լուսաբանել, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն ունենք»:
