Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Մեկնաբանելով Երևանի՝ Եվրամիությանը միանալու մտադրությունը՝ նա նշել է,թե հաշվի առնելով «ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի» և Ռուսաստանի հետ դիմակայությանը ուղղված նրա ռազմավարական կուրսը, այս կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», — ընդգծել է Մասլեննիկովը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական գործերի վարչության ղեկավարը կրկին նշել է, որ չնայած Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ մասնակցելու ինտեգրացիոն միավորումներին, և հատկապես «նրանց ցանկությունը՝ լրացուցիչ հնարավորություններ ստանալու տնտեսական զարգացման և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար», Հայաստանի ղեկավարությունը հստակորեն ազդարարում է իր հետաքրքրության մասին՝ առավելագույնի հասցնելու Եվրամիության հետ մերձեցումը։
«Այս ջանքերին համապատասխան, 2025 թվականի ապրիլին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը նախկինում հաստատվել էր խորհրդարանի կողմից», — հիշեցրել է նա։
Այսպիսով, Մասլեննիկովի խոսքով, Բրյուսելն արդեն սկսել է «ակտիվորեն դրդել Երևանին ընդունել քաղաքականապես մոտիվացված անցում ԵՄ չափանիշներին, որը հիմնարար կերպով անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին և դրա հետ կապված պարտավորությունները»։
«Փաստը մնում է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է», — հայտարարել է դիվանագետը։
