Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, եթե այդ շփումները բովանդակալից լինեն. Արաղչի

Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ընդունել է Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիին:

Ֆիդանը նշել է, որ Անկարան հույս ունի, որ Իրանի ներքին խնդիրները խաղաղ հանգուցալուծում կստանան և դեմ է այդ երկրի գործերին ռազմական միջամտությանը։

Նա կարևորել է նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ավելի վաղ նա այդ թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ հույս հայտնելով, որ կհաջողվի գտնել լուծում և խուսափել հակամարտությունից:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ շփումները բովանդակալից լինեն:

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Թեհրանը պահպանելու և ընդլայնելու է իր պաշտպանական կարողությունները, հետևաբար Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների թեմա:

Աբբաս Արաղչին հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որն ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև։

You may also like...