Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ղարաբաղի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։
Նշենք՝ փաստաբան Ռոման Երիցյանը Շահրամանյանի անունից դիմել էր դատարան ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց՝ պահանջելով հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած տեղեկությունները։
Մասնավորապես պատմության 9-րդ դասարանի դասագրքում ԼՂ հայաթափման վերաբերյալ գլխում նշվում է, թե Սամվել Շահրամանյանը ստորագրել է լուծարման փաստաթուղթ։
Միևնույն ժամանակ միջնորդություն է ներկայացվել, որով Շահրամանյանի ներկայացուցիչը խնդրել է արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025թ․ հրատարակության դասագրքի համապատասխան ենթավերնագրի ուսուցումը դպրոցներում մինչև գործով դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։
