Ի՞նչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ո՞ւմից է նա թույլտվություն ստացել և ո՞ւմ թիկունքից կհարվածի
Տելեգրամյան ալիքներից մեկը ուշագրավ հրապարակում է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որը կարծես թե կրկին ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն:
Հրապարակումը սկսվում է Գագիկ Ծառուկյանի՝ որպես քաղաքական գործչի բնութագրմամբ, այն է, որ նա քաղաքական ասպարեզում հայտնի է իր ստերով, անկայունությամբ և խոստումները խախտելու բնորոշ հակվածությամբ։
«Բոլորը, հավանաբար, հիշում են, թե ինչպես 2015 թվականին նա «բարձրաձայն» հայտարարեց, որ սկսում է պայքար Սերժ Սարգսյանի դեմ՝ իր մերձավորներին հավաստիացնելով․ «Շան տղա լինեմ, եթե մինչև վերջ չգնամ»։ Բայց չգնաց, քանի որ Պուտինը Հայաստան գործուղեց ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, և Ծառուկյանը, արդեն հայտարարած լինելով հակասերժական հանրահավաքի ժամանակն ու վայրը, անմիջապես հրաժարվեց պայքարից և ինքնամեկուսացավ՝ հայտարարելով, որ հեռանում է քաղաքականությունից։
Իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն անցկացրեց հրապարակային ժողով և պաշտոնապես Գագիկ Ծառուկյանին շնորհեց «Դոդի Գագո» (հիմար Գագո) տիտղոսը, ընդ որում՝ ժողովի ընթացքում առանձնահատուկ ակտիվություն էր ցուցաբերում նրա խնամին՝ «Մուկը» (Հովիկ Աբրահամյան)»,- ասվում է «Բաղրամյան 26»-ի հրապարակման մեջ:
Ընդգծվում է, որ այժմ հարկեր չվճարելու միջոցով ապօրինի հարստացած «գործարար» Ծառուկյանը, որը անցյալում «հռչակվել» է իր դաժանությամբ և երիտասարդ տարիքում եկեղեցու բակում ռուս կնոջ բռնաբարության համար դատապարտված լինելու փաստով, ցանկանում է վերադառնալ քաղաքականություն։
«Սակայն անկարող լինելով հստակ կապել անգամ երկու բառ՝ նախկին օլիգարխ Ծառուկյանը կարծում է, որ սա էլ բավարար չէ և իր նախկին մերձավորներին թիմ վերադարձնելու համար հավաստիացնում է նրանց, թե իբր «ստացել է Փաշինյանի թույլտվությունը»։ Այս տեղեկությունը ստանալով Ծառուկյանի «մերձավորներից»՝ մենք զարմացանք և, այնուամենայնիվ, հարցով դիմեցինք մեր կապերին իշխանության շրջանակներում, որտեղից մեզ վիրտուալ ժպիտով և միանգամայն սպասելիորեն տեղեկացրին, որ նման բան գոյություն չունի, և Ծառուկյանը պարզունակորեն ստում է՝ կրկին իր շուրջը համախմբելու համար բոլոր նրանց, ում ժամանակին վիրավորել, անտեսել և մեկուսացրել էր։
Նույն աղբյուրները մեզ հայտնեցին նաև, որ Ծառուկյանը գտնվում է Կրեմլի կրնկի տակ, աչքի է ընկնում իր ստոր մեթոդներով և անհրաժեշտ պահին առանց երկմտելու հարված կհասցնի թիկունքից»,- ասվում է հրապարակման մեջ:
