Բանակում, Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն. Սուրեն Պապիկյանը՝ գնդերեցների մասին
Սուտ է, գնդերեցներին չի առաջարկվել Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալ այդ գումարի դիմաց:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք գնդերեցներին առաջարկվել է 700,000 դրամ գումարի դիմաց Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալ:
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել՝ Հայաստանում, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն ու կառարեն իրենց առաքելությունը:
Եթե ՀՀ-ին ու բանակին ծառայելը ինչ-որ մեկը ուրացում է համարում, ապա դա իր անձնական գործն է»:
Անդրադառնալով բանակում հոգևոր ծառայության դադարեցմանը՝ Պապիկյանը նշեց.
«Նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը:
Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է՝ ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն զինված ուժերի բարոյահոգեբանական գծով վարչությանը»:
Հարցին, թե ինչով էր խանգարում Մայր Աթոռին ենթարկվելը՝ Պապիկյանը պատասխանեց, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:
