Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում՝ քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը ընդհանուր առմամբ աշխարհում առաջնային օրակարգ է։

Վարչապետը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին և ընդգծել. «Իմ կարծիքով՝ վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած՝ մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ»։
«Այսինքն՝ ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է՝ աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված՝ մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել, հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք, նորից անկախ մեր կամքից, կորցրել ենք պետությունը: Հիմա, իմ կարծիքով և իմ գնահատմամբ, ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակն այն է, որ մենք այդ ցիկլն անցանք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ցիկլն անցել ենք 2020-2025 թվականների ընթացքում։





Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման և այլ թեմաների շուրջ։
Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:


Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու Հայաստանի «Քաղաքապետների դաշինք՝ Արևելք» ծրագրի հետ համագործակցությամբ։
