Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել

«Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը»։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Այցի ընթացքում հայտարարվել է ատոմակայանի կառուցման համար 5 միլիարդ դոլարի և հետագայում սպասարկման ու վառելիքի մատակարարման համար ևս 4 միլիարդ դոլարի մասին:

Ընդ որում՝ ոչ մի տեղ չի նշվել արտադրվող էներգիայի մեկ մեգավատտ-ժամի նույնիսկ մոտավոր գինը:

Մինչդեռ սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Եթե խոսքը «NuScale Power» ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի թանկությունն է դարձել Յուտա նահանգում դրա նախագծի ձախողման պատճառը:

Դեռևս նախապատրաստական փուլում արժեքն աճել էր 1,5 անգամ, իսկ արտադրվելիք էներգիայի գինը 58-ից բարձրացել էր մինչև 89 ԱՄՆ դոլար մեկ մեգավատտ-ժամի համար, ինչն էլ հանգեցրեց 2023 թվականին նախագծի փակմանը»,- ասել է Շոյգուն:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ թվերը հնչել են միայն պլանավորման փուլում, իսկ վերջնական արժեքը զգալիորեն ավելի բարձր կլիներ:

«Նմանատիպ օրինակ, միայն թե «մեծ» ատոմակայանների շարքից, ամերիկյան «Վոգթլ» (Vogtle) կայանն է:

Այնտեղ 3-րդ և 4-րդ բլոկների շինարարության ընթացքում ծախսերն աճել են ավելի քան կրկնակի՝ ի սկզբանե նախատեսված 14 միլիարդից հասնելով աստղաբաշխական 36 միլիարդ դոլարի:

Ընդ որում՝ շինարարությունը սկսվել էր 2013 թվականին, նախատեսվում էր ավարտել 2016-ին և 2017-ին, սակայն իրականում ավարտվեց համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ամփոփելով Հայաստան կատարած այցի արդյունքները, հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարեն փոքր մոդուլային ռեակտորներ:

You may also like...